երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՀՀ դեսպանը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը

ՀՀ դեսպանը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, մասնավորապես, առևտրատնտեսական և մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հարցերում։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման համատեքստում, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեությանը։

Նշվում է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։

  • Կիսվել: