շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ առաջին նախագահը լուրջ վերլուծություններ պիտի աներ ոչ թե հիմա, այլ մոտ 25 տարի առաջ․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ առաջին նախագահը լուրջ վերլուծություններ պիտի աներ ոչ թե հիմա, այլ մոտ 25 տարի առաջ․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ առաջին նախագահը լուրջ վերլուծություններ պիտի աներ ոչ թե հիմա, այլ մոտ 25 տարի առաջ և իշխանությունը «խիզախաբար» չհանձներ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առավել վտանգավոր է համարում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, քան Ադրբեջանից եկող սպառնալիքները։

Պատգամավորի խոսքով՝ զարմանալի է առաջին նախագահի այն հայտարարությունը, որ նա առաջարկել է դաշինք կազմել մի ուժի, որին տարիներ շարունակ համարել է ավազակապետություն կամ թաթար-մոնղոլներ։

Հակոբյանը նշեց՝ պատերազմը վաղ թե ուշ պիտի լիներ, և մինչ Ադրբեջանը մինչև ատամները զինվում էր, Հայաստանի իշխանությունները թալանում էին երկիրը, ուտում զինվորի փողը․

«Իսկ պատերազմն սկսվեց հիմա, որովհետև նախկինները գնում խոստանում էին, որ հեսա-հեսա հողերը հետ կտան, գալիս էին Հայաստան, ասում էին՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Նույն այդ մարդիկ մեկ Փաշինյանին մեղադրում են «ոչմիթիզական» լինելու համար, մեկ մեղադրում են հողերը տալու մեջ»։

Հրաչյա Հակոբյանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին և հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի ու պատերազմին չի հասնի։


  • Կիսվել: