ՀՀ-ԱՄՆ և ՀՀ-Ադրբեջան պայմանավորվածությունների համար որևէ ռիսկ չկա. Արթուր Հովհաննիսյան
Տարածաշրջանում ստեղծված լարվածության համատեքստում Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների համար որևէ ռիսկ չկա:
Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Առաջ ենք շարժվում այն փաստաթղթերով ու պայմանավորվածություններով, որոնք կան: Անվտանգության խորհրդի նիստ է եղել, ռիսկերն ու հարցերը հասցեագրվել են, հետևում ենք իրավիճակին և մեր սահմանին տեղի ունեցող բոլոր իրավիճակներին վերաբերելի ռիսկերը հասցեագրվում են համապատասխան մարմիններին»,- ասաց Հովհաննիսյանը:
Արդեն 7-րդ օրն է շարունակվում են ԱՄն-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցրած առաջին հարվածներից հետո Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև Պարսից Ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Մարտի 5-ին Ադրբեջանը Իրանին մեղադրեց Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածելու մեջ՝ խոստանալով պատասխանել դրան։ Իրանը սկզբում հերքեց իր առնչությունն այդ հարձակմանը, իսկ հետո խոստացավ հետաքննություն իրականացնել, որը պաշտոնական Բաքվի պահանջներից մեկն էր։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրել են հռչակագիր։ Նույն օրը Հայաստանն ու ԱՄՆ-ն մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ փաստաթղթեր էին ստորագրել։


