երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ՀՀ ԱԽ քարտուղարը Տաջիկստանի իր պաշտոնակցին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ ԱԽ քարտուղարը Տաջիկստանի իր պաշտոնակցին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Տեղի է ունեցել Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը:

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, ապա ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:

Արմեն Գրիգորյանը կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում՝ միևնույն ժամանակ առանձնակի կարևորել է Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար:

ԱԽ քարտուղարը, ներկայացնելով ստեղծված իրավիճակը շեշտել է, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակում համարժեք արձագանք:

Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:

Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատել հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:

Նասրուլլո Մախմուդզոդան կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը՝ պատրաստակամություն է հայտնել ՀԱՊԿ շրջանակում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ, աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:

Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորել են մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

 

  • Կիսվել: