ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ տեղակալն ու Կանադայի ԱԳՆ խորհրդարանական  քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

ՀՀ ԱԳՆ տեղակալն ու Կանադայի ԱԳՆ խորհրդարանական  քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական  քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը, որը խորհրդանշում է երկկողմ համագործակցության խորացումը և կարող է նոր խթան հանդիսանալ դրա առավել զարգացման առումով: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորացման առումով  կարևորվել է նաև երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը:

Երկուստեք կարևորվել է Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարարի տեղակալը իր զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը, ԼՂ էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրանացվող ծրագրերը: 

Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը: 

  • Կիսվել: