շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ծառացած հումանիտար մարտահրավերները, ինչպես նաև մարդու իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հնարավոր դերակատարությանը՝ հաշվի առնելով վերջինիս մանդատը և գործունեության շրջանակը և կարևորել ԵԽԽՎ կողմից վերջերս ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» խորագրով բանաձևը։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրմանն առնչվող խնդիրները:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵԽ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։

Տեղեկատվություն

Բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան է այցելել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ՝ տեղում տարածաշրջանային գործընթացներին ծանոթանալու և հետագա անելիքները մշակելու նպատակով։

Պաշտոնական հանդիպումներից բացի պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ԵՄ առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Դիկումեի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ: Պատվիրակությունն այցելել է նաև Կոռնիձոր և Լաչինի միջանցքի սկզբնամաս:

  • Կիսվել: