երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հետախուզվում է զինծառայությունից խուսափած 5433 անձ, որոնց 27 տարին լրացել է 2021-ի մայիսի 4-ի դրությամբ. համաներման նախագիծը լրամշակվել է

Հետախուզվում է զինծառայությունից խուսափած 5433 անձ, որոնց 27 տարին լրացել է 2021-ի մայիսի 4-ի դրությամբ. համաներման նախագիծը լրամշակվել է

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հավանության արժանացավ Կառավարության հեղինակած՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը լիագումար նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: 

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ: 

Ըստ նրա՝ նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել ոչ թե մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այլ օրենքը ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (մինչև փոփոխությունը միայն հոդված 1-ին մասով էր) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: 

«Այսինքն՝ համաներում հայտարարելը կապվում է ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի 26-ի, այլ օրենքի՝ ուժի մեջ մտնելու օրվա հետ, ինչպես նաև ընդլայնվել է հնարավոր շահառուների շրջանակը: Օրինագծի անվանումից հանվել է «....վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու...» նախադասությունը»,- հստակեցրեց փոխնախարարը՝ հավելելով, որ համաներումը չի կիրառվելու վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ, այսինքն՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորակոչից խուսափած անձանց նկատմամբ:  

Համաներումը, ըստ փոխնախարարի, չի կիրառվի համաներումից հետո կատարված արարքի դեպքում: 

Ա.Հովհաննիսյանն ասաց, որ նախագծից հանվել են սահմանափակումները, այսինքն՝ համաներումը կկիրառվի նաև  այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում կամ դատապարտվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով: 

Հովհաննիսյանը ներկայացրեց ոստիկանությունից ստացված թարմացված վիճակագրական տվյալներ: Ըստ այդմ՝ մայիսի 4-ի դրությամբ՝ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզվում է 5433 անձ, որոնց 27 տարին լրացել է 2021-ի մայիսի 4-ի դրությամբ, նրանցից 5122 անձանց 27 տարի լրացել է 2020-ի սեպտեմբերի 26-ի դրությամբ, դատապարտվել է 262 անձ, 5-ը պատժի կրումից ազատված չեն: ՔՕ 327-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտված և հետախուզված անձինք հաշվառումներում առկա չեն, իսկ 140 քրեական գործեր գտնվում են նախաքննության փուլում: Փոխնախարարի խոսքով՝ սրանք համաներման հնարավոր շահառուների նախնական տվյալներն են: 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին օր առաջ պատրաստել փաստաթղթերը և վերադառնալ Հայաստան: 

Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը՝ 85 կողմ ձայնով:

  • Կիսվել: