Հերիք է չարչրկեք այդ թեման, հանգիստ թողեք այդ մարդկանց, չի կարելի խաղալ դրա վրա, դա այդ թեման չէ․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում այդ ժամանակվա քաղաքական ելույթները մինչև հիմա օգտագործում են ընդդիմադիր գործիչներն, ըստ երևույթին, դրանց բավականին հաջող լինելու և սեփականները կառուցելու վրա այդքան շատ ժամանակ չծախսելու նկատառումներից ելնելով, խոսում էր սուպերվաչապետության մասին, դրա տակ դնում էր հստակ հիմք, որ օրինակ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ենթարկվում են վարչապետին, այսինքն, նախարարության կազմում չեն, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմ չկա: Այս մասին այսօրվա ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․
«Այսօր փաստացի քննարկում ենք նախագիծ, որով Ոստիկանությունը ՆԳՆ-ի մաս է կազմելու : Փաստացի մենք այսօր այդ սուպերվարչապետություն քաղաքական եզրույթի հոգեհանգստին ենք ականատես լինում՝ ՆԳՆ-ի մեկնարկը տալով: Դուք նորից այստեղից խոսում եք սուպերվարչապետության մասին: Խնդրում եմ՝ փորձեք նոր ընդդիմադիր քաղաքական խոսույթ ստեղծել և Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ ասած թեզը հանգիստ թողնել»։
Պատգամավորը հարցն ուղղելով «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Ես շատ ուրախ կլինեի, եթե օրինակ Գյումրիում, երբ ցույցի մասնակիցների կողմից ծեծի էին ենթարկվում տարեց տղամարդիկ, այնտեղ լինեին պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, ՊՊԾ-ի աշխատակիցներ, ուսադիրով ինչ-որ մեկը ներկա լիներ ու կանխեր այդ մարդկանց ծեծը: Ընդդիմադիրներ՝ ձեր ցույցերի ժամանակ առնվազն ագրեսիայի, արյան ծարավի ու մնացածի դոզան այնքան շատ է, որ ես վստահ եմ, որ առհասարակ այդ ցույցի մասնակիցներին ահաբեկել չի լինի: Խոսք գնաց նաև զոհվածների ծնողների մասին, ես ևս մեկ անգամ այս ամբիոնից պետք է խնդրեմ, հերիք է չարչրկեք այդ թեման, հանգիստ թողեք այդ մարդկանց, չի կարելի խաղալ դրա վրա, դա այդ թեման չէ»:



