շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Բրյուսելում՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Բրյուսելում՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում։ Այս մասին փոխանցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ և հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում որոշվել էր սահմանազատման հանձնաժողովների նիստը անցկացնել նախ նոյեմբերին, ապա՝ հոկտեմբերին, և այս հարցում անորոշություն կար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի կեսերին թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հանձնաժողովի նիստն անցկացնել հոկտեմբերի 31-ին՝ Բրյուսելում։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։

  • Կիսվել: