ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանին ազատ են արձակել

Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանին ազատ են արձակել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ մայիսի 27-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

 

Նշենք, որ Սեդրակյանն արդեն ութ տարի է դատապարտված էր։ Նա Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով 2013 թվականի սեպտեմբերին դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման։

Հիշեցնենք` ըստ մեղադրանքի, Վարդան Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՝ լինելով ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով։

Այն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

  • Կիսվել: