Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով «Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագիծը չներառվեց ԱԺ օրակարգում
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ԱԺ հայտարարության նախագիծ, որը բացասական եզրակացություն էր ստացել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Այն խորհրդարանի՝ մայիսի 27-ի նիստին ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նախագծի հիմնավորումն այն է, որ այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը, ու շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում: Ըստ այդմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է հայտարարություն ընդունել, որի անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և դրանում հայ ժողովրդի մասնակցությամբ:
«Այս նախագիծը ոչ միայն պետք է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն ստանար, այլև լիագումար նիստում քննարկվեր և դրական ձայների արժանանար, քանի որ խոսքը մեծ հաղթանակի և դրանում հայ ժողովրդի ու նրա զավակների զգալի ավանդի, դրա անհերքելի փաստերի մասին է, որոնք ողբերգական թվացող ապագայից վերածվեցին հույսի, լույսի, հաղթանակի ու այս տարածաշրջանում հայերի գոյության պահպանման ու վերելքի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, թե տեքստում արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցող իրադարձություններ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրումը:
Հարակից զեկուցողը նաև հիշեցրեց, որ ԱԺ-ն առհասարակ ընդունել է 14 հայտարարություն, որոնք վերաբերել են հրատապ հարցերին, օրինակ՝ Ադրբեջանի կողմից ագրեսիային, ԼՂ-ին առնչվող հումանիտար խնդիրներին, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հանրապետական պատգամավորներն առաջարկում հենց այս առիթով ընդունել հայտարարություն:
«Այս հարցին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց (վերջինս դա ասել է հանձնաժողովի նիստին – խմբ.), որ նախորդ հոբելյաններին, օրինակ, մեր զորախումբը քայլել է Կարմիր հրապարակում, և քանի որ մեր զորախումբն այս տարի չի քայլել, ապա նման հայտարարություն ընդունելը յուրօրինակ կոմպենսացիա է»,- ասաց նա:
Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 54, ձեռնպահ՝ 2, որոշումը չընդունվեց: