հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայրենական մեծ պատերազմի վետերաններն ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվել. «Փաստ»

Հայրենական մեծ պատերազմի վետերաններն ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում: Նախարարությունը նշում է` նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից։ Ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, թիկունքայինները որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց, որը բոլոր համայնքներում չէ, որ հասանելի է), դրամական աջակցություն չեն ստանում:

Այս տեսանկյունից Հայաստանը բացասական իմաստով առանձնանում է ԱՊՀ երկրների շարքում: Թիկունքայինների արտոնությունները և սոցիալական երաշխիքները ամրագրված են միջպետական երկու համաձայնագրերում: Առաջին` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1993 թ.-ի մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն է: Այնտեղ սահմանվում են քաղաքային և արվարձանային տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները:

Երկրորդ` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1994 թ.-ի ապրիլի 15-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն է: Այս դեպքում Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբիծ զինվորական ծառայության համար պարգևատրված անձինք օգտվում են մի քանի ենթակետերով սահմանված արտոնություններից (դեղերի արժեքի զեղչի, անհատական բնակարանային շինարարության, այգեգործական ընկերություններ ընդունվելու, արտոնյալ պայմաններով վարկ ստանալու և այլն)։ Այս համաձայնագրերով սահմանված արտոնություններն ազգային օրենսդրությամբ ամրագրված չեն, և ՀՀ գործող օրենսդրությամբ թիկունքայինները՝ բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելը, այլ արտոնությունից չեն օգտվում:

Այս նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 600 թիկունքային կօգտվի ամենամսյա պարգևավճար ստանալու իրավունքից, ինչպես նաև ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և թիկունքայիններ հավասարեցված անձինք հասկացությունները: Նշված անձանց թվաքանակի համար հիմք է ընդունվել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի տրամադրած տեղեկատվությունը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 96 է: Նախարարությունն ընդգծում է, որ օրինագծի ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 600 մարդու սոցիալական վիճակը։

Օրինագծի ընդունումից հետո պետք է համապատասխան լրացում կատարվի ՀՀ կառավարության 2021 թ.-ի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ։ Ըստ նախնական հաշվարկների, թիկունքայիններին ամենամսյա պարգևավճար տրամադրելու համար կպահանջվի 21,6 մլն դրամ (600 անձ x 3000 դրամ x 12 ամիս)։ Պարգևավճարի չափը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության 2021 թ.-ի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց հատկացվող ամենամսյա պարգևավճարի չափ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: