հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու խորհրդի նիստին. ՀԱԵ Բարենորոգման խորհուրդ

Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու խորհրդի նիստին. ՀԱԵ Բարենորոգման խորհուրդ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին ուղղված գնահատանքի խոսք է ուղղել:

«Ուրախությամբ ողջունում ենք Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի կարևոր որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության մեր հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին: Հայր Գուսանի վճռական քայլով մեկ անգամ ևս վերահաստատվում է այն ճշմարտությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է, որն անմիջականորեն մեր պետական և ազգային շահերից է բխում և միտված է վերականգնելու Եկեղեցին իր բուն առաքելության մեջ: Կամայական կառավարման արդյունքում Եկեղեցու մեկուսացումը պետությունից և ժողովրդից որևէ աղերս չունի մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության, Նրա Սրբազան Ավանդության և ժողովրդավար ոգու հետ: Ջերմ սիրով ողջունելով Հայր Գուսանին` մաղթում ենք, որ Տերն օգնական և պահապան լինի նրան՝ իր հոգևոր ծառայության այս կարևոր հանգրվանին։ Առաջիկա պատեհ առիթով Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի նիստին։ Վստահ ենք, որ Հայր Գուսանի ազնիվ և կամային դրսևորումը ներշնչող օրինակ կդառնա մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ մյուս սպասավորների համար նույնպես։ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»,- նշել են խորհրդից։

Նշենք, որ ավելի վաղ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ողջունել էր Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի քայլը: «Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին»,- նշել էր նա։

  • Կիսվել: