ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայկական ժամանակ». Ովքե՞ր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնի հավակնորդները

«Հայկական ժամանակ». Ովքե՞ր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնի հավակնորդները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակի» տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի առաջիկայում հայտարարվելիք մրցույթին մասնակցել են պատրաստվում մի քանի թեկնածուներ, նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ու ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը:

Հովհաննես Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողներից է, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել 2018 թվականին: Նա մեր տեղեկությունը չցանկացավ մեկնաբանել, սակայն նաեւ չհերքեց: «Այս պահին մեկնաբանություն չունեմ, դեռ հայտարարված մրցույթ չկա»,- ասաց նա: Կինոյի եւ հեռուստատեսության ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց մրցույթին մասնակցելու մտադրությունը՝ հավելելով. «Եթե այդ մրցույթը կա ու ձեւական բնույթ չի կրելու, ապա՝ այո»: Ռեժիսորը նաեւ հայտնեց, որ արդեն կետ առ կետ գրել է կառավարման նախնական պլանը:

Այս պահին Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Սարգսյանը: Մինչեւ այս նա զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սարգսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ երբ հրապարակվեն թափուր պաշտոնի մրցույթի պայմանները, տեսնի՝ համապատասխանում է, որոշում կկայացնի՝ մասնակցե՞լ դրան, թե չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: