հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկական սփյուռքն ահռելի ներդրում ունի անկախության այս 30 տարիների կայացման գործում․ Զարեհ Սինանյան

Հայկական սփյուռքն ահռելի ներդրում ունի անկախության այս 30 տարիների կայացման գործում․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․

«Սփյուռքի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Այսօր լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Այս երեք տասնամյակները ազգային հանգրվանների, բարդ շրջադարձերի և պատմական դասերի տարիներ էին, որոնց հետևողությունների հիման վրա պետք է կառուցվի մեր հայրենիքի ապագան: Եվ այդ ապագայի կառուցման գործում մեզնից յուրաքանչյուրն ունի իր դերը:

Անցած մեկ տարվա ընթացքում մեր ազգային իղձերի և հավաքական մտածողության մեջ շատ բան փոխվեց: Եվս մեկ անգամ վերահաստատվեց այն փաստը, որ Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը: Հայաստանի բարեփոխման մեջ անելիք ունենք բոլորս, քանի որ անցյալի ճիշտ վերլուծությունից և միահամուռ կամքից է կախված պատմական հայրենիքի այսօրն ու վաղը:

Հայկական սփյուռքն ահռելի ներդրում ունի անկախության այս 30 տարիների կայացման գործում: Դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ սփյուռքը չունի իր ներդրումը կամ ազդեցությունը: Մեր անկախության հաջորդ տարիները պիտի խարսխվեն նախևառաջ սփյուռքի մտավոր և գիտական ներուժի լիարժեք ներգրավման վրա: Սա պետք է լինի մեր օրակարգի առաջնային հարցը:

Եվ վերջում, սիրելի՛ հայրենակիցներ, անկախ Հայաստանը ձեզ սպասում է այստեղ՝ իր ներկայի մեջ: Եկե՛ք հայրենիք, տեղում փոխեք ու կերտեք ձեր երազած Հայաստանը: Հայրենադարձվեք ու այդպես հզորացրեք մեր պետությունը:

Անկախության օրվա խորհուրդն այս տարի մեկն է. անցած 30 տարիները մեզ պարտավորեցնում են ավելի շատ ապրել հայրենիքով, արժանանալ մեր հերոս հայորդիների սխրանքին և զարգանալ, լինել գիտելիքահեն, ունենալ հզոր պետականություն և լիարժեք ներգրավված սփյուռք:

Շնորհավոր Հայաստանի անկախության օրը»,-ասել է նա:

  • Կիսվել: