երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հայկական պատվիրակությունն այցելեց Կիեւ՝ Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու նպատակով

Հայկական պատվիրակությունն այցելեց Կիեւ՝ Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու նպատակով

Հայ փորձագետների պատվիրակության երկօրյա այցը Կիեւ նվիրված էր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը բարդ աշխարհաքաղաքական մթնոլորտում:

NV Մեդիա Հոլդինգի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում եւ հանդիպումներ պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:

Կլոր սեղան քննարկում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ

 

Կլոր սեղանը մեկտեղեց հայ եւ ուկրաինացի փորձագետներին՝ քննարկելու երկու երկրների միջեւ բազմաշերտ հարաբերությունների ամրապնդումը։ Մասնակիցները կարեւորեցին.

  * Փոխադարձ շահերի ճանաչումը եւ հետապնդումը․

  * Երկկողմ շփումների աշխուժացումը տարբեր հարթակներում․

  * Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբեռնումը․

  * Հայաստանի եվրաինտեգրման նպատակներին համահունչ ՀԱյաստան-Ուկրաինա տնտեսական կապերի զարգացումը։

Կարեւորվեց Ուկրաինայի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ապահովման գործում առավել ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։ Նշվեց նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի օպերատիվ նշանակման անհրաժեշտությունը։

Տնտեսական եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության ընդլայնում

Հայկական պատվիրակությունն այցելել է NV-ի խմբագրություն՝ լրատվամիջոցին հարցազրույցներ տալու եւ պատերազմի ժամանակների լրագրության վերաբերյալ քննարկումների համար: ՊԱտվիրակությունը նաեւ մասնակցել է Ամերիկայի Առեւտրի պալատի ընդունելությանը, որտեղ հանդիպել է Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:

Կենտրոնացում տնտեսական աշխուժացման վրա

Ուկրաինայի արդյունաբերողների եւ ձեռներեցների լիգայի ղեկավարության եւ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետեւյալ հնարավորությունները.

  * Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական կապերի աշխուժացումը․

  * Լոգիստիկ շղթաների զարգացումը․

  * Հայաստանը եւ Ուկրաինան կապող առեւտրային ուղիների ճյուղավորումը։

Քննարկվեց նաեւ Ուկրաինայի հայ համայնքի դերը տնտեսական համագործակցության խթանման գործում։

Այցելության ավարտին Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատվիրակության եւ ուկրաինացի փորձագետների ամփոփիչ ընդունելություն է կազմակերպել՝ ամրապնդելով հայ-ուկրաինական հարաբերությունների խորացման հանձնառությունը։

 

  • Կիսվել: