չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ-ի և Բուլղարիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որով ամրագրվում է ՀՀ սահմանների նկատմամբ հարգանքը. Հովհաննիսյան

Հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ-ի և Բուլղարիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որով ամրագրվում է ՀՀ սահմանների նկատմամբ հարգանքը. Հովհաննիսյան

Հայկական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի և Բուլղարիայի նախագահների համատեղ ընդունած երկկողմ հարաբերություններին նվիրված հայտարարության մեջ Հայաստանի սահմանների նկատմամբ հարգանքի ամրագրումը, որը պետք է ընկալել վերջին ագրեսիայի կոնտեքստում, ինչպես նաև այն, որ Բուլղարիան սատարում է ԵՄ դիտորդական առաքելության ուղարկումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի` Բուլղարիա պետական այցի առաջին օրվա հանդիպումները:

Նա ընդգծեց, որ Բուլղարիան սատարում է ԵՄ-ի փաստահավաք դիտորդական քաղաքացիական առաքելությունը, որը կդիտարկի իրավիճակը Հայաստանի սահմաններում, և այդ առումով Բուլղարիայի դիրքորոշումը հստակ է և բավարարող:

՛՛Քննարկումը շարունակվել է վարչապետի հետ աշխատանքային ճաշի ընթացքում, որտեղ շեշտը դրվում էր նաև տրանսպորտային համագործակցության և մասնավորապես շատ կարևոր՝ «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրի իրականցմանը : Թե՛ Բուլղարիան, թե՛ Հայաստանը հակված են շարունակելու այդ տրանսպորտային համագործակցությունը, քանի որ այն երկու երկրների կարևոր ոլորտներից է: Հանդիպում եղավ նաև Սոֆիաի քաղաքապետի հետ և քանի, որ Սոֆիան և Երևանը քույր քաղաքներ են, այստեղ էլ մենք համագործակցության բավականին լայն դաշտ ունենք՛՛,-նշեց ԱԳ փոխնախարարը:

Հովհաննիսյանը նաև ասաց. ՛՛Նախագահ Ռումեն Ռադևի հետ մանրամասն քննարկվել է բոլոր ոլորտներում զարգացնելու մեր տնտեսական, առևտրային, մշակութային և բոլոր տեսակի համագործակցությունը: Հատուկ շեշտ էր արվում Եվրոմիության հետ համագործակցությանը, քանի որ Բուլղարիան մեր ավանդական սատարողներից է նաև որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, այս պահին անվտանգության խնդիրների պարագայում դա նույնպես մեծ դեր ունի՛՛:

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն պետական այցի առաջին օրն է, որն անցկացվում է Բուլղարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նշման կապակցությամբ:

  • Կիսվել: