«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները
«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները:
ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խումբը իր խորին երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ քանակի ստորագրություններն ապահովել են նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։
Սա կարևոր ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում և Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։
Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են հավաքված ստորագրությունները առաջիկայում ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր պատգամն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական Միությանը: Կեցցե՛ ազատ, անկախ և եվրոպական Հայաստանը»,-ասվում է հայտարարության տեքստում: