Հայկ Մարությանի խոսքերը թթվասերի նման կարճ ժամկետ ունեն, բայց ամեն մարդ պետք է պատասխան տա իր ասածների համար. Անի Խաչատրյան
«Հայկ Մարությանը ժամանակին ներկայիս իշխանության քվեից և հովանուց ոգևորված հորդորում էր և շատ համոզիչ բացատրում, որ տրանսպորտը պետք է թանկանա»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Հայկ Մարությանի խոսքերը թթվասերի նման կարճ ժամկետ ունեն, բայց ամեն մարդ պետք է պատասխան տա իր ասածների համար։ Երևանի քաղաքապետի աթոռը կորցնելուց հետո նա նաև կորցրեց այն, ինչ սովորաբար առանձնացնում է սեռը՝ տղամարդկությունը, և քաղաքական ասպարեզում շարունակում է հանդես գալ հանրության կողմից սիրված և իր կողմից հիանալի կերտված «Կառայի» կերպարով»,–ասաց նա՝ դիմելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանին և հարցնելով, թե ինչ է արել Հայկ Մարությանը քաղաքապետ լինելու տարիներին։
Արամ Թորոսյանն էլ, ի պատասխան հարցրեց, թե ինչու են Հայկ Մարությանին ուղղված հարցերին իրեն տալիս, այլ ոչ թե հենց նրա հետ զրուցում այդ մասին։
«Շների ՀՈԱԿ, աղբահանության ԵԱՍՄ, ավտոբուսների համակարգային փոփոխությունների մեկնարկ, կանաչապատման՝ ֆանտաստիկ էֆեկտիվությամբ աշխատող ՀՈԱԿ, որը հիմա շատ խորը ծախսերի մեջ է։ Հազար ու մի հարց է լուծել՝ չունենալով այն բոլոր եկամուտները, որը հիմա ունի համայնքը գույքահարկի և այլ հարցերի շնորհիվ»,–ասաց Արամ Թորոսյանը՝ ներկայացնելով Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքները։