ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայերի թվաքանակը Մերձավոր Արեւելքում մշտապես կրճատվում է. Թունիսում եւ Մարոկկոյում ՀՀ դեսպան

Հայերի թվաքանակը Մերձավոր Արեւելքում մշտապես կրճատվում է. Թունիսում եւ Մարոկկոյում ՀՀ դեսպան

Մերձավորարեւելյան բուռն ռազմաքաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում անցյալ դարից, բացասական ազդեցություն են ունեցել տարածաշրջանի հայկական համայնքների վրա։ Այս մասին «Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ եւ փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում նոյեմբերի 30-ին Երեւանում, հայտնել է Թունիսում եւ Մարոկկոյում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը։

Նա նշել է, որ Սիրիայում վերջին տասնամյակներին հայկական համայնքի թվաքանակը 120 հազար մարդուց հասել է 30-40 հազարի։ Նրա խոսքով, եթե անցյալ դարում Լիբանանի հայկական համայնքի թվաքանակը 250 հազար էր, ապա հետագայում այդ թիվը կրճատվել է, նույն միտումն է նկատվում Իրաքում եւ Եգիպտոսում։

Փոլադյանն ավելացրել է, որ ամենագլխավոր խնդիրը ընկած է անվտանգության հարթությունում։ Նրա կարծիքով՝ Հայաստանը որպես պետություն պետք է ձգտի այն բանին, որպեսզի պահպանի գոնե այն, ինչ մնացել է։ «Մերձավոր Արեւելքը միշտ ունեցել եւ շարունակում է ունենալ շատ կարեւոր նշանակություն մեզ համար, քանի որ հայ ժողովրդի էական մասը ապրել եւ ապրում է այս տարածաշրջանում։ Երբ մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության հետեւանքով ձեւավորված հայկական համայնքների մասին, ապա դա որոշակիորեն չի վերաբերում Մերձավոր Արեւելքին։ Այս տարածաշրջանում մենք ունեցել ենք պատմականորեն ձեւավորված հայկական համայնքներ, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ»,- նշել է դիվանագետը։

  • Կիսվել: