Հայաստանը Ռուսաստանի համար կարող է հենակետային երկիր դառնալ․ նախագահ
Հայաստանը Ռուսաստանի համար կարող է հենակետային երկիր դառնալ՝ որոշակի ոլորտների զարգացման համար, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր: Այս մասին ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքը գնահատում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության մակարդակը, երբ փոխադարձ առևտրի ծավալը 2020 թվականին նվազել է 8%-ով, ընդամենը 2 մլրդ դոլար է կազմել՝ նախագահ Սարգսյանն ասել է․ <<Այդ տոկոսները, կրկին, ինձ համար չեն, կառավարության համար են: Ես կարող եմ խոսել միտումների և ռազմավարության մասին: Իսկ ռազմավարությունը պարզ է. Հայաստանը Ռուսաստանի համար կարող է հենակետային երկիր դառնալ՝ որոշակի ոլորտների զարգացման համար, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր: Հայաստանը հնարավորություն ունի ներգրավել մարդկանց, նոու-հաուներ Արևմուտքից, ԱՄՆ-ից, ամբողջ աշխարհից և դառնալ նոր տեխնոլոգիաների երկիր: Դա լա՞վ է արդյոք Ռուսաստանի համար: Այո, ուղղակի հիանալի է>>։
Պարզ օրինակ. խաղողից կարելի է ստանալ հյութ և վաճառել այն Ռուսաստանում, Բուլղարիայում կամ Շվեդիայում: Նաև կարելի է վաճառել չամիչ, գինի, շամպայն: Սակայն արվեստի գլուխգործոցը կոնյակն է: Այդ նույն խաղողից կոնյակ ստանալն ավելի բարդ է, սակայն գինն էլ անհամեմատելի ավելի բարձր է: Եվ այդ կոնյակը հայկական հայ-թեքի (բարձր տեխնոլոգիաների) օրինակ է:
Կամ, օրինակ, ես չեմ կարող Ուզբեկստանի կամ Թուրքիայի հետ մրցակցել լոլիկների քանակով: Սա նշանակում է, որ այն, ինչ արտադրվում է հայկական լոլիկներից, պետք է բարձր տեխնոլոգիական լինի: Ես քանակով չեմ մրցակցում, սակայն կարող եմ մրցակցել որակով: Նույնը վերաբերում է նաև ծրագրավորմանը, արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին և այլն>>,-նշել է նախագահը։



