Հայաստանը ռազմականացման քաղաքականություն է վարում, սա փաստ է․ Հաջիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմն արձագանքել է օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում բավականին հակասական, իրականությանը չհամապատասխանող պահեր կան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ Հաջիևի, «Հայաստանը ռազմականացման քաղաքականություն է վարում, սա փաստ է։ Դրանում այն լուրջ աջակցություն է ստանում մի շարք արևմտյան երկրներից, հատկապես Ֆրանսիայից։ Սա ծառայում է հարավկովկասյան տարածաշրջանում լարվածություն ստեղծելուն»։
Հաջիևը նաև կոչ է արել սահմանափակումներ մտցնել հայկական բանակի համար․
«Ադրբեջանը երբեք չի եղել օկուպանտ պետություն և իր հարևանների հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է միջազգային իրավունքի նորմերով, ի տարբերություն Հայաստանի, որը օկուպանտ պետություն է»։
Նա նաև առաջարկել է Հայաստանի նկատմամբ կիրառել զինված ուժերի զարգացման համամասնական սահմանափակումներ, որոնք նման են Իրաքին Քուվեյթի հետ պատերազմից հետո։