շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը պետք է վճռականորեն հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից. «Ազգային օրակարգ»

Հայաստանը պետք է վճռականորեն հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից. «Ազգային օրակարգ»

ՀՀ գործող կառավարությունը, ներգրավված լինելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում՝ երբեւիցե չի ձեւակերպել հակամարտության կարգավորման հստակ օրակարգ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը, հետեւելով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններին եւ հայտնված դիրքորոշումներին, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների մի շարք համատեղ հայտարարություններին, արձանագրում է հետեւյալը՝

ա) ՀՀ գործող կառավարությունը, ներգրավված լինելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում՝ երբեւիցե չի ձեւակերպել հակամարտության կարգավորման հստակ օրակարգ եւ համապատասխան բանակցային ռազմավարություն, հաճախ խուսափել է ճանաչել վարվող բանակցությունների բուն իրողությունը եւ մինչ այժմ քողարկել է դրանց փաստացի օրակարգն ու բովանդակությունը։ Բազմաթիվ հակասական քայլերով եւ երկիմաստ հայտարարություններով, այն հնարավորություն է տվել ադրբեջանական կողմին վերջին շրջանում ստանձնել նախաձեռնությունը բանակցային գործընթացում, ինչի արդյունքում այսօր հայկական կողմի միջազգային դիրքերը էապես թուլացել են։

բ) ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած բանակցային մոտեցումները եւ թույլ տված ռազմաքաղաքական այլ բացթողումները հնարավորություն են տվել ադրբեջանական կողմին վերջին մեկ տարվա ընթացքում էլ ավելի կարծրացնել եւ առավելապաշտական դարձնել իր դիրքորոշումը։ Նշվածի վերջին դրսեւորումն էր Ադրբեջանի ԱԳՆ կողմից դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Քարտուղարության միջոցով պաշտոնապես շրջանառած փաստաթուղթը, որով այն հակամարտության կարգավորումը տեսնում է միայն իր տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ Արցախի «ադրբեջանական» համայնքի հավասար իրավունքների հաշվառմամբ, ինչով անթաքույց հայտ է ներկայացվում՝ չեղարկելու Արցախյան պատերազմում հայության տարած հաղթանակի արդյունքները, եւ շրջել պատմության ընթացքը։

գ) Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների պարբերական հայտարարությունները, որով կողմերին կոչ է արվում վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մադրիդյան սկզբունքների, եւ 2009-2012 թվականներին ներառված հավելումների հիման վրա, անտեսում են այն իրողությունը, որ հենց այդ անիրատեսական սկզբունքներ են արդեն հանգեցրել 2016 թվականին Ադրբեջանի կողմից ռազմական լայնածավալ գործողությունների սանձազերծմանը եւ որեւէ կերպ իրական խաղաղ կարգավորման հիմք հանդիսանալ չեն կարող։ Ավելին, Մադրիդյան սկզբունքներով նախատեսված փուլային գործընթացը կբերի հայկական կողմի ռազմաքաղաքական առավելությունների չեղարկման, եւ նոր պատերազմի դուռ կբացի՝ մեզ համար շատ ավելի անբարենպաստ պայմաններում։

Հաշվի առնելով վերոնշյալը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հայտարարում է՝

ա) Հայաստանի Հանրապետության բանակցային ռազմավարության նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ապահովումն է, նրա անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանումը՝ հեռանկարում ունենալով երկու հայկական հանրապետությունների միավորումը մեկ միասնական պետության մեջ։

բ) Բանակցությունների շարունակումը՝ ընդլյանված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, հակասում է վերը նշված նպատակներին, եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռականորեն հրաժարվի դրանցից՝ մասնավորապես, վկայակոչելով Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը, եւ նրա կողմից նոր պատերազմի սանձազերծման իրական վտանգը։

գ) Հայաստանի Հանրապետության իշխանությունները, պահպանվող պատերազմի վտանգի եւ ադրբեջանական կողմի ակնհայտ ռազմատենչ դիրքորոշման պայմաններում՝ պետք է դադարեցնեն միակողմանի «խաղաղասիրական» քարոզը, եւ հետեւողականորեն պատրաստեն պետությունը եւ բնակչությանը երկրի ակտիվ պաշտպանությանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը պատրաստ է իր համակողմանի աջակցությունը բերել Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում վերը նշված ռազմավարությունը իրականություն դարձնելու գործում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր ազգային երկարաժամկետ շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու պարագայում, մենք իրավունք ենք վերապահում պահանջել նրանց հրաժարականը, եւ ազգային համաձայնության այնպիսի իշխանության ձեւավորումը, որն ընդունակ կլինի արդյունավետ դիմագրավել Արցախյան հակամարտության հարցում մեր առջեւ ծառացած մարտահրավերներին։

  • Կիսվել: