շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, և մենք պետք է ուժեղանանք, հզորանանք. Փաշինյան

Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, և մենք պետք է ուժեղանանք, հզորանանք. Փաշինյան

«Ես էլի հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, և փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մի տարի առաջ ունեինք ավելի լավ վիճակ՝ հինգ շրջանների հանձնում. բայց ո՞վ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհն է։ Ես ինչքան վերլուծում եմ, իմ սխալները տեսնում եմ ահա այս տիրույթում։ Կարելի  է դա սխալ համարել, բայց հետահայաց նայելու դեպքում ես գիտեմ, որ ինձ և ձեզ համար այդ լուծումներն ուղղակի անհնար էին, և փաստն այն է, որ մենք և մեր բանակն այս պատերազմում կռվել են մինչև վերջ և անմնացորդ՝ մեր զինվորները, մեր սպաները, մեր գեներալները, մեր ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Այո, այդպես չանելը գուցե սխալ էր։

Բանակի զարգացման համար մենք վերջին 2 տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել. բանակը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում. դա փաստ է։ Այո մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան մենք ցանկանում էինք դնել։

Այս իրավիճակում մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի ուժեղացման՝ տնտեսապես ինտելեկտուալ, կրթական առումով ուժեղացման վրա՝ արձանագրելով, որ, այո՛, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել, մենք կանգնել ենք տղամարդավարի մինչև վերջ՝ մինչև բառիս ամենաբուն իմաստով վերջին խազը։

 

Էլի եմ ասում. ես անձամբ կրում եմ պատասխանատվություն այս ամենի համար և շարունակելու եմ կրել այդ պատասխանատվությունը. կուզեի ընդգծել, որ հավատում եմ՝ սա մեծ անհաջողություն է մեզ համար, մեծ աղետ է, սուգ է մեր կորսված կյանքերի համար, բայց ես հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, և մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, գուցե որոշակի վերանայենք մեր ընկալումները, մեր փորձից դասեր քաղենք, դրանք լինեն կառուցողական և ծառայեն մեր ժողովրդի, հայրենիքի ապագային»,- նշել է նա։

  • Կիսվել: