ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Ալիևն ու Հնդկաստանի արտգործնախարարը ընդգծել են փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը

Ալիևն ու Հնդկաստանի արտգործնախարարը ընդգծել են փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հյուրը նախ պետության ղեկավարին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուի և վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները։ Հիշեցնելով Բիշքեկում Ադրբեջանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի հանդիպման մասին՝ նա նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանձնարարությամբ է այցելում մեր երկիր։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ մտքերի հանգամանալից փոխանակում։ Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման լայն հնարավորությունների առկայությունը։

Նշվել է, որ Ադրբեջանն ու Հնդկաստանը, լինելով Գլոբալ հարավի մաս, միջազգային օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ Գլոբալ հարավի երկրներին հուզող խնդիրների շուրջ հանդես են գալիս նմանատիպ դիրքորոշումներով։ Այս համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարևորությանը։ Ընդգծվել է նաև քաղաքական շփումների և տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տնտեսական և գործարար պատվիրակությունների այցերի միջոցով՝ երկկողմ կապերի զարգացման նպատակով։

  • Կիսվել: