ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ․ ԱԽ քարտուղար

Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ․ ԱԽ քարտուղար

իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված  հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

Մասնավորեպես,  լրագրողի դիտարկմանը, թե  հրադադարի հաստստման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունը տարակարծությունների առիթ դարձավ, ԱԽ քարտուղարն ասաց․

«Իսկապես, եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը»։

 Խոսելով Իրանի համար մեծ կարևորություն ունեցող  ապաշրջափակման գործընթացի և Նախիջևանը Մեղրիին կապող ճանապարհին ու Լաչինի միջանցքի  մասին՝ Գրիգորյանը նշեց, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Նա հստակեցրեց,  որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք:

«Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Այս մոտեցումը մենք փոխանցել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել ենք սրա մասին: Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ այս ընտրությունների ընթացքում իրենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է իրենց՝ միջանցք չտրամադրելու հարցում:

«Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել»,- եզրափակեց Արմեն Գրիգորյան։

  • Կիսվել: