Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին. Փաշինյան
Այսօր բնականաբար չենք շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները, շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երեւանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ հավելել է. «Վերահաստատում եմ, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Գործընկերոջս ներկայացրել եմ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները, տեղեկացնելով, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ։