երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող քաղաքականության զոհը կարող է դառնալ. փորձագետ

Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող քաղաքականության զոհը կարող է դառնալ. փորձագետ

Հարավային Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ն կամ որ նույնն է ԱՄՆ-ը ռազմական առումով ներակայացված է Թուրքիայի զինված ուժերով։ Նման կարծիք Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված «Ետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» ուղեղային գրոհի ժամանակ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը:

Ըստ նրա Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող քաղաքականության զոհը կարող է դառնալ, եթե անվտանգության իր միակ և հուսալի դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ չխորացնի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը, 102 ռազմաբազայի նոր հենակետներ չտեղադրվեն Իրանի, Նախիջևանի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում։

«Ռուսաստանին հարավային ուղղությամբ հարված ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել, ներգրավելով Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև իսլամական ահաբեկչական խմբավորումները։

Հայաստանը այդ մարտահրավերներին դիմագրավելու և սպառնալիքները չեզոքացնելու համար պետք է օր առաջ պատրաստվի»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա` անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում որ քաղաքական ուժն է իշխանության ղեկին, ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր հանդիսացող ՀՀ Զինված ուժերի, առաջին հերթին բանակի վերազինումն ու ժամանակին և նոր իրողություններին համահունչ մասնագիտական ստորաբաժանումների ստեղծման, անձնակազմի վերապատրաստման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն միմիայն Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համապատասխան կառույցների և մասնագիտական խմբերի հետ։

«Եթե այսօր ՀՀ իշխանությունների կողմից անգամ տեսականորեն փորձ արվի կրկին շարունակել իրականացնել «և-և»-ի սխալ մարտավարությունը, ապա կարող ենք արձանագրել, որ մոտ ժամանակներում կարող ենք կորցնել Հայաստանի  ինքնիշխանության ուժային բաղադրիչը, որը ամենակործանարար հետևանք կարող է ունենալ և հայոց պետականության և հայ ժողովուրդի և ՀՀ քաղաքացիների համար, առաջացնելով հայրենազրկման կործանարար մեծ ալիք»,- բանաձևեց փորձագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: