Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը. Ալեն Սիմոնյան
Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջեւ, գիտության եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգություն, կենսունակություն եւ կայուն զարգացում, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քանի որ գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաեւ ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:
Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արեւային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արեւային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից եւ պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը:
Գիտությունն ու տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման եւ կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման գործում: Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջեւ դրված խնդիրներին՝ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումից մինչեւ բնական աղետների դեմ պայքարի բարելավում: Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակա միջավայրը, այլեւ ավելի լավ ապագա ենք ապահովում հաջորդ սերնդի համար:
Կարեւոր է կիրառել հուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպես եւ շատ այլ երկրներ, կենտրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման, ռեսուրսների պահպանման եւ բնապահպանական պատասխանատվության մշակույթի խթանման վրա: Դա հավաքական ջանք է, եւ մենք բոլորս պետք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանության համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:
Գիտությունն ու տեխնոլոգիաները նաեւ խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները»,- նշել է Սիմոնյանը։