շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարին

Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով  արդյունավետ համագործակցությունը:  Նա մեծապես կարեւորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ:

«Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին եւ կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձեւերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է  հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը:

Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարեւորելով Կիպրոսի հետ տնտեսական եւ զբոսաշրջային համագործակցությունը:

  • Կիսվել: