Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ և ԵՄ-ից դրական ազդակներ կան. Սարգիս Խանդանյան
Բալթիկ և եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարները և նրանց տեղակալները այդ ֆորմատի շրջանակներում Հայաստան են ժամանել. այս 8 երկրների ֆորմատը բավականին նոր է և Հայաստան առաջին երկրների մեկն է, որտեղ նրանք այցելում են: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Սա, ես կարծում եմ՝ շատ կարևոր ազդակ է Հայաստանին քաղաքական աջակցության առումով: Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգային խնդիրներին և նրանց ծանոթանալուն, բնականաբար, բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում մենք և մեր գործընկերները ներկայացնում ենք իրավիճակը, առկա հումանիտար խնդիրները, անվտանգային խնդիրներ:
Նաեւ ես գիտեմ, որ խոսնակներից մի քանիսը այցելել են ԵՄ դիտորդական առաքելության իրենց գործընկերներին և դիտարկում են անցկացրել սահմանի վրա: Արդեն իրենք պիտի որոշենք՝ սրա մասին հրապարակեն, թե ոչ: Եվ կարծեմ մի քանիսը արդեն եղել են այն հատվածներում, որը նշեցիք»,-ասաց նա:
Հարցին՝ հիմա Հայաստանը գնո՞ւմ է Եվրոպա, թե ոչ, եւ արդյոք այնտեղից ազդակներ կան՝ որ ցանկություն ունեն մեզ ընդունելու, Խանդանյանը պատասխանեց. «Ես կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանը ցանկանում է խորացնել և խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Եվ ԵՄ-ն, թե որպես միություն և թե անդամ երկրները առանձին, այդ ազդակին դրական են արձագանքում՝ այն որոշումների կայացմամբ, որոնք վերջին ամիսների և տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել և որոնք առաջիկայում սպասվում են: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները ավելի խորանան:
Միավորապես, գործընկերության նոր օրակարգի ստորագրումը Հայաստանի և ԵՄ-ի միջև, որ այս օրերին բանակցվում է: Այս օրերին արդեն կիմանանք նաև եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին»,-ասաց նա: