Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից. Ալիև
Հայաստանն Իրանի և Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն կստանա Ադրբեջանի միջոցով: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, թե օկուպացված Արցախում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվելու Նախիջևանում։
«Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն։ Հայաստանը մուտք կունենա Իրանի երկաթուղիներ Նախիջևանի միջոցով, Ռուսաստանի երկաթուղիներ՝ Ադրբեջանի միջոցով։ Այսինքն՝ դա ձեռնտու է նաև Հայաստանին։ Այստեղ պարտվող կողմ չպետք է լինի։ Համենայնդեպս, տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկն իրեն քաղաքական տեսանկյունից պարտված է համարում, ապա դա, ինչպես ասում են, իր խնդիրն է։ Բայց եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից, ապա կարող է օգուտ տեսնել իր համար»,-մասնավորապես ասել է Ադրբեջանի նախագահը:


