կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանը հավատարիմ է ԵՄ-ի հետ սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը. Հակոբ Արշակյան

Հայաստանը հավատարիմ է ԵՄ-ի հետ սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը. Հակոբ Արշակյան

Ողջունում եմ ձեզ Երեւանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի անցկացման կապակցությամբ. Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ներկա վիճակին, Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ նշել, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու եւ դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը:

Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման եւ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ուղղությամբ:

  • Կիսվել: