երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի. մենք չենք ուզում դուրս գալ, բայց դե ֆակտո իրենք դուրս են դրել մեզ այդ գործընթացից. Գևորգ Պապոյան

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի. մենք չենք ուզում դուրս գալ, բայց դե ֆակտո իրենք դուրս են դրել մեզ այդ գործընթացից. Գևորգ Պապոյան

Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավորություններ ունեն նրա նկատմամբ, ինչպես Հայաստանն ունի պարտավորություններ այս երկրների նկատմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով, Երևանը երբեք չի մերժել Հայաստան հատուկ առաքելություն ուղարկելու՝ ՀԱՊԿ-ի առաջարկը։

«Սակայն հանրապետության իշխանությունները շատ կոնկրետ հարց են տվել և շարունակում են տալ՝ որտե՞ղ է տեղակայվելու այդ զորախումբը։ Օրինակ, երբ եվրոպացիները գալիս են (նկատի ունի ԵՄ դիտորդական առաքելությունը - խմբ.), նրանք անմիջապես ասում են՝ այս բլուրը հայկական տարածք է, իսկ անտառի այն փոքրը հատվածը՝ ադրբեջանական։ Այսինքն՝ մարդիկ հստակ ֆիքսում են երկրների սահմանները։ 

Բայց երբ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին հարցնում ենք, թե որտեղ են տեղակայվելու, չգիտես ինչու չեն ասում, թե որն է հայկական տարածքը, որը՝ ադրբեջանական։ Բայց չէ որ նրանք պետք է արձանագրեն, թե որտեղից է սկսվում Հայաստանը, որտեղից՝ Ադրբեջանը»,- պարզաբանեց պատգամավորը։

Նրա խոսքով, եթե ՀԱՊԿ-ն այս պահը չի արձանագրում, ապա անհասկանալի է, թե ինչպես է այն որոշելու, թե որտեղից են կրակոցները եղել, ով է կրակել։

«Կամ եթե Ադրբեջանի Զինված ուժերը, պատկերավոր ասած, 10 քայլ առաջ էլ գնան, ապա ո՞վ կիմանա՝ իրե՞նք դա արել են իրենց, թե՞ հայկական տարածքում։ Այդ իսկ պատճառով կարևոր է ամրագրել ելակետերը, և պաշտոնական Երևանն իր գործընկերներից պահանջում է հստակ դիրքորոշում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։

Խորհրդարանականի տրամաբանությամբ՝ ստացվում է, որ ռուսական կողմը պետք է ունենա սահմանի ճշգրիտ կոորդինատները, որը Երևանում համարվում է դեռ չսահմանազատված։

  • Կիսվել: