Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դժվար է մեկնաբանել այն առումով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ իշխանությւոնները ասում են մեկ բան, անում` ճիշտ հակառակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը։
«Փաշինյանի հայտարարություններից դժվար է ենթադրել, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով կգնա։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկումներից։ Սցենարային առումով Հայաստանը համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն՝ հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։
«Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների առաջնային նպատակն է հնարավորինս ձերբազատվել Արցախի հարցից և լավագույն դեպքում սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հայտարարության հիմնական մեսիջներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք ավելի շատ ուղղված էին հայ ժողովրդին՝ իրավիճակի վտանգավորությունը փոխանցելու նպատակով։
«Պուտինի հայտարարությունների ամրագրումն այն էր, որ Հայաստանի իշխանությունները գնում են մի ճանապահով, որը տրորում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի շահերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։



