հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը գնում է իր տարածքային ամբողջականությունը բոլոր մեթոդներով պաշտպանելու ուղղությամբ. Ռուբինյան

Հայաստանը գնում է իր տարածքային ամբողջականությունը բոլոր մեթոդներով պաշտպանելու ուղղությամբ. Ռուբինյան

Հայաստանը շնորհակալ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ այս լարված ժամանակահատվածում կատարած այցի, իրերն իրենց անունով կոչելու եւ օժանդակության համար: Այս մասին սեպտեմբերի 19-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ Ռուբինյանի՝ ագրեսորին զսպելու միակ միջոցը նրան հասցեական դատապարտելն է: ՛՛Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները բոլոր գործընկերների հետ մեր դիրքերն ու անվտանգությունն ուժեղացնելու համար: Հայաստանն աշխատում է իր բոլոր գործընկերների հետ՝ պաշտպանելու համար իր ինքնիշխանությունը: Հայաստանը գնում է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունն իրեն հասու բոլոր մեթոդներով պաշտպանելու ուղղությամբ՛՛,-նշեց նա:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաեւ Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանը, թե Հայաստանում Նենսի Փելոսիի արած հայտարարությունները կառուցողական չէին: Այս առնչությամբ Ռուբինյանն ասացմ որ Թուրքիայից հնչող որոշ հայտարարություններ չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանն այս փխրուն իրավիճակում: ՛՛Հուսով եմ՝ այլ բնույթի հայտարարություններ կլսենք Թուրքիայից՛՛,-նշեց նա:

ԱԺ փոխխոսնակը նաեւ հերքեց, թե Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցը հակաիրանական տարրեր էր պարունակում: ՛՛Ստեղծված իրավիճակում Իրանն այն պետություններից է, որն աներկբայորեն պաշտպանում է ՀՀ դիրքորոշումներն իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ: Այստեղ ակնհայտ է, որ համընկնում են Հայաստանի եւ Իրանի շահերը: Եվ ակնհայտ է, որ տիկին Փելոսիի այցում չկար եւ չէր կարող լինել որեւէ կոնտեքստ ուղղված Իրանի դեմ: Դա առաջնահերթ մեր շահերից չի բխի՛՛,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  սեպտեմբերի 17-ից երկօրյա այցով Հայաստանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

  • Կիսվել: