Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը. Միրզոյան
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Այս մասին այսօր հնդկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:
՛՛Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը:
Ես արդեն հնարավորություն ունեցա նշելու տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկի մասին: Եվ նաև կարող եմ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։ Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին՛՛,-նշել է նա։