երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը. Արարատ Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը. Արարատ Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը, հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը»,- ասել է նա։

Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել:

«Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։  Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Միրզոյանը։

  • Կիսվել: