կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը դարձել է աշխարհում միակ երկիրը, որտեղ ազգային երազանքն ու ազգային գաղափարը դարձել են ծաղրի առարկա․ Օհանյան

Հայաստանը դարձել է աշխարհում միակ երկիրը, որտեղ ազգային երազանքն ու ազգային գաղափարը դարձել են ծաղրի առարկա․ Օհանյան

Գործող իշխանությունների թեթեւ ձեռքի շնորհիվ Հայաստանը դարձել է աշխարհում միակ երկիրը, որտեղ ազգային երազանքն ու ազգային գաղափարը դարձել են ծաղրի առարկա։ Այս մասին փետրվարի 9-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Պատմությունը, նրա խոսքով, կեղծվում է, իսկ ազգային կրթության, արժեհամակարգի հիմքերը՝ քայքայվում։ 

Այսօրվա Հայաստանում կասկածի տակ է դրվում այն ​​ամենը, ինչ ստեղծվել է անցած 30 տարիների ընթացքում՝ սկսած Անկախության հռչակագրից մինչև Սահմանադրություն, որն, իհարկե, մեծ հարված է պետականության հիմքերին։ Ազգային գաղափարը ծաղրի առարկայի են վերածում նրանք, ովքեր ոչինչ չեն արել երկիրը զարգացնելու, ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար։ Նրանք միայն քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են արդարացնելու սեփական անգործությունն ու վատ կառավարումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Այսպիսով, նրանք ըստ էության դառնում են նրանց իրավաբանները Հայաստանում։ Առանց ազգային գաղափարի անհնարին է դառնում պետության գոյությունը»,- ասաց Օհանյանը։

Պատգամավորը համոզված է՝ յուրաքանչյուր ղեկավար պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք համահունչ լինեն ընթացող գործընթացներին և իրավիճակին՝ ընդհանուր առմամբ։ Սակայն այդ որոշումները պետք է բխեն հայ ժողովրդի առաջնահերթ շահերից։

«Մեր առաջնահերթություններն են անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և պետականության պաշտպանությունը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը և, բնականաբար, մեր դարավոր արժեքների պահպանումը, որը ներկայիս իշխանությունը կասկածի տակ է դնում»,- ասաց ընդդիմադիրը։

  • Կիսվել: