չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանում կովիդի դեմ պատվաստվել է մեծահասակ բնակչության 40%-ը

Հայաստանում կովիդի դեմ պատվաստվել է մեծահասակ բնակչության 40%-ը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրեց կովիդով պայմանավորված համավարակային իրավիճակը։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթների տենդենցը հուշում է, որ կայուն նվազում է արձանագրվում։

«Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են, ցավոք, ունենք 24 մահ։ Այս պահին Հայաստանում շրջանառվում են օմիկրոնի շտամի BA1 և BA2 ենթաշտամերը։ Մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում։ Եվ կարծես դելտա շտամն իսպառ դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո։ Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց միևնույն է, այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, մենք ունենում ենք նաև ծանր դեպքեր։ Եվ, ինչպես տեսնում ենք, ունենք մահվան դեպքեր։ Այնպես որ, պետք է պատվաստման առումով մեր զգոնությունը շարունակենք պահպանել։ Մանավանդ տարեց քաղաքացիների և խրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք։ 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով ունենք արդեն 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է, բայց մենք բոլոր ջանքերը ներդնում ենք ավելացնելու սա»,- ասաց նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացած քաղաքացիների թիվը կազմում է 1 080 715, որը կազմում է մեծահասակ բնակչության 47․9 տոկոսը։ Եվ երկրորդ դեղաչափն ստացել է մեծահասակ բնակչության 40 տոկոսը։ Երրորդ խթանիչ դեղաչափ սստացել է 20 169 քաղաքացի։ «Հաջորդ շաբաթվանից այս տենդենցնի շրջանակներում մենք արդեն կգնանք հիվանդանոցային հետծավալման աշխատանքների և որոշակի մահճակալների կրճատման ընթացք կսկսենք»,- հավելեց Ավանեսյանը։

  • Կիսվել: