Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունեն. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել է Երևանում սինագոգի նկատմամբ հարձակման դեպքը:
Մասնավորապես՝ տարածվել է տեղեկատվություն Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին, որը նաև լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել:
Անդրադառնալով թեմային՝ Բադալյանն ասել է. ՛՛Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի՛՛։



