կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն ընթանում է ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ և դիմակայելով արգելքներին. Ալեն Սիմոնյան

Հայաստանն ընթանում է ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ և դիմակայելով արգելքներին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:

Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ եւ դիմակայելով անսպասելի արգելքների: Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում եւ գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները: Տարիներ առաջ մեր ժողովուրդն, ի թիվս այլ հիմնարար սկզբունքների, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հիմքում է դրել քաղաքացիական համերաշխությունը եւ համամարդկային արժեքներին հավատարմությունը:

Իհարկե, սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են, եւ իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքն ուղղված է բարեփոխումների իրականացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ Սահմանադրությունն իրապես կարեւորվի մեր քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք՝ կոտրելով մտայնությունը, որ այն հասանելի է միայն հատուկ մասնագետներին: Այս դեպքում, թերեւս, ժողովրդավարությունն ավելի կմոտեցնենք մեզ՝ ստեղծելով քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ հասարակություն»,- ասվում է ուղերձում:

  • Կիսվել: