ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին. Փաշինյան

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին. Փաշինյան

Նախորդ տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին: Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով և առանց որևէ սահմանափակումների շարունակելու ենք խորացնել փոխշահավետ ու բազմոլորտ համագործակցությունը: Այդ մասին Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հանձնաժողովն այսօր հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները:

Պետք է արձանագրել, որ մեր եղբայրական երկրների համագործակցային ու ջերմ վերաբեմունքը խարսխվել է շատ կոնկրետ ու ամուր իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություներին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը:

Պակաս կարևոր չէ նաև, որ մեր երկրների հասարակությունները կիսում են արժեհամակարգային, մշակութային, նույնիսկ կենղացաղին մի շարք ավանդույթներ, որոնք անխախտ են դարձնում մեր երկրների բարեկամությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: