Հայաստանն ու Հնդկաստանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն. Արարատ Միրզոյան
Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։
Այս մասին հնդկական «ՎԻՈՆ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Հարկ է նշել, որ Հնդկաստանում կա ավանդական հայկական Սփյուռք, իսկ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից»,- նշել է նախարարը:
Ըստ նրա` երկու երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում: «Եվ ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է նա։
Ըստ նախարարի` Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ «Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում և շատերի կողմից ընկալվում է որպես բարորություն կերտող»,- նշել է Միրզոյանը` հավելելով, որ հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը։
Միրզոյանը նաև նշել է, որ Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարն անցյալ տարվա աշնանը նշանակալից այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմահաոլորտ համագործակցություն: Հետագայում արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։
«Ի լրումն, այս այցի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մեր գործարար շրջանակներին կմոտեցնեն միմյանց: Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է»,- եզրափակել է նախարարը։