չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Հայաստանն Իրանի համար մեծ կարևորություն ունի»․ հարցազրույց Իրանի նախագահի խորհրդականի հետ

«Հայաստանն Իրանի համար մեծ կարևորություն ունի»․ հարցազրույց Իրանի նախագահի խորհրդականի հետ

Երեւանում օգոստոսի 25-ից 27-ն անցկացվում է Իրանի տնտեսական ազատ գոտիների առաջին ցուցահանդեսը Հայաստանում, ինչի առիթով Երեւանում էր Իրանի նախագահի խորհրդական, Իրանի հատուկ եւ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին։ NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ։ 

Հայաստանում առաջին ցուցահանդեսն է անցկացվում Իրանի 7 հատուկ եւ ազատ առեւտրի գոտիներից ժամանած 54 ընկերությունների մասնակցությամբ: Ինչո՞վ է այս իրադարձությունը կարեւոր թե Իրանի, թե Հայաստանի համար։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունենալով մեծ թվով ազատ տնտեսական գոտիներ, այդպիսի գոտիների կառավարման հարուստ փորձ ունի։ Այդ ազատ տնտեսական գոտիները աշխարհի հետ հարաբերվելու շատ կարևոր կամուրջներ են հանդիսանում։ Մեր արտահանման ավելի քան մեկ երրորդը ազատ տնտեսական գոտիների արտադրանք է։ Անցած տարվա արտադրանքի ծավալը այդ տարածքներում կազմել է 18 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իրանի տրանզիտի 70 տոկոսն իրականացվում է հենց այդ ազատ և հատուկ գոտիներից։ Միջազգային առումով այդ ազատ տնտեսական գոտիները շատ կարևոր են Իրանի համար։ Մենք ցուցահանդեսը կազմակերպել ենք երկու նպատակով, նախ որպեսզի կարողանանք մեր ներդումային փաթեթների վերաբերյալ տեղեկացնել․ այս ցուցահանդեսի ընթացքում մենք կարողացել ենք ներկայացնել 700 ներդրումային փաթեթ՝ 10 մլրդ եվրո արժողությամբ։ Երկրորդ նպատակն այն է, որ կարողանանք ներկայացնել ազատ տնտեսական գոտիներում աշխատող ընկերությունների հնարավորությունները։ Այս ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 60 հզոր արտադրական ընկերություն։ Մեր նպատակն այն է, որ կարողանանք ներդրումների և առևտրի ոլորտում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ մի քանի անգամ զարգացնել։ 


Ի՞նչ պայմաններ են առաջարկվում Իրանի տնտեսական ազատ գոտիներում գործունեություն ծավալող ընկերություններին։  

Ինչպես նշեցի՝ 700 ներդրումային փաթեթներ ենք բերել մեզ հետ, որոնք վերաբերում են բազմատեսակ ոլորտների, այդ թվում՝ տնտեսությանը, զբոսաշրջությանը, առևտրաարդյունաբերությանը։ Այդ ներդրումային փաթեթները սկսվում են 1 միլիոն դոլարից, և ունենք փաթեթներ, որ հասնում են մինչեւ 1 միլիարդի։ Մենք կարծում ենք, որ այդ ներդրումային փաթեթները Հայաստանի ներդրողների համար շատ լավ հնարավորություններ են, քանի որ մեր ազատ տնտեսական գոտիները իրոք ներդրումների համար դրախտ են համարվում։ Դրանք ունեն եկամտաբերությունը մեծացնող հինգ առավելություն, որոնցից շատ քիչ են հանդիպում աշխարհի այլ երկրներում։ Առաջինը այն է, որ մեզ մոտ արտադրանքի ծախսերը շատ քիչ են, հատկապես՝ աշխատանքի, էներգիայի և հումքի ծախսը։ Երկրորդ առավելությունն այն է, որ այդ տարածքներում ենթակառուցվածքները շատ հարմարավետ են, այդ թվում՝ ճանապարհները, ջրի, էլեկտրականության, գազի, տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիությունը։ Պետք է նաև նշեմ, որ ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալողների համար շուկան շատ հեշտ հասանելի է, քանի որ մենք գործ ունենք Իրանի 85-միլիոնանոց շուկայի հետ և նաև կարող ենք կապ ապահովել հարևան երկրների 600-միլիոնանոց բնակչության հետ, ինչպես նաև ծովային ճանապարհով դուրս գալ այլ երկրներ։ Չորրորդ առավելությունն այն է, որ ազատ տնտեսական գոտիներում մենք ունենք հարկային և մաքսային արտոնություններ, և այնտեղ աշխատող ընկերությունները 20 տարով ազատվում են հարկերից։ Բացի այս ամենից, Իրանում բիզնես սկսելու պայմանները շատ հեշտ են և մրցակցային աշխարհի մակարդակով։ Այդ 5 հատկությունները աշխարհի շատ քիչ երկրներում կարելի է գտնել և մենք իրոք տեսնում ենք, որ մեր ազատ տնտեսական գոտիները արտաքին ներդրողների համար համարվում են դրախտային վայր։ Կարծում եմ՝ մեր ներդրումային հնարավորությունները հետաքրքիր կլինեն հայաստանցի ներդրողների համար։ Մենք բոլորին հրավիրում ենք գալ, այցելել ցուցահանդես։  

Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Այս առումով Թեհրանը Հայաստանի հետ համագործակցության ի՞նչ հնարավորություններ է տեսնում։

Չնայած Հայաստանը բնակչության թվաքանակով փոքր երկիր է, բայց Իրանի համար մեծ կարևորություն ունի։ Նախևառաջ պետք է նշեմ, որ Հայաստանն ունի շատ ուժեղ և հայտնի տնտեսվարողներ և գործարարներ։ Եվ երկրորդ հանգամանքը, որ պետք է նշեմ, այն է, որ ինչպես գիտեք՝ շատ հայեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում և այդ առումով էլ հայ առևտրականների հետ կարող է հարմարավետ լինել համագործակցությունը։ Երրորդ, Հայաստանը դարպաս է հանդիսանում ԵԱՏՄ շուկայի համար։ Եվ մենք էլ ներկա պահին ջանքեր ենք գործադրում՝ վերջնական տեսքի բերելու մեր համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Ի վերջո՝ մեր ներկայությունը Հայաստանում նշանակում է նաև մուտք ԵԱՏՄ շուկա և օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք առկա են այդ շուկայում։  


Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի աճում է, սակայն դեռեւս հեռու է տարեկան 3 միլիարդ դոլարի նշաձողից, որը սահմանել են երկու երկրների կառավարությունները։ Ձեր կարծիքով ինչքա՞ն ժամանակում եւ ի՞նչ քայլերի արդյունքում հնարավոր կլինի հասնել դրան։
 
Մեր նպատակներից է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը զարգացնելը։ Բացի այն դիտարկումներից, որ ես ներկայացրի առևտրի և արտահանման զարգացման, ինչպես նաև ներդրումների վերաբերյալ, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ Եվ այդ ազատ տնտեսական գոտու առկայությունը կարող է իր հերթին խթանել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը։ Երեկ ես հանդիպումներ եմ ունեցել ՀՀ մեծարգո երկու նախարարների հետ և պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի կարողանանք տրանսպորտային ոլորտը, այդ թվում նաև տրանզիտը զարգացնել։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում ենթակառուցվածքները զարգանան, և բարեբախտաբար մենք լսել ենք, որ արդեն Հայաստանում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Երկրորդ քայլը, վերաբերում է տրանսպորտային միջոցների ծախսերի, այդ թվում՝ հարկերի նվազեցմանը, որը կարող է հեշտացնել գործընթացը։ Երեկ այդ հարցում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ։ Այդ պայմանավորվածությունների իրականացման դեպքում, ես կարծում եմ, որ 2-3 տարվա ընթացքում մենք կարող ենք ականատես լինել մեր առևտրաշրջանառության ծավալների կրկնապատկմանը։   


Հայաստանում Իրանից կատարվող ներդրումներն ավելանում են տարեցտարի, բայց ներդրում անելու համար շատ կարեւոր է նպաստավոր միջավայրը՝ կայությունը այն երկրում, որտեղ ներդրում է կատարվում։ Այս շրջանում Հայաստանում իրավիճակն անկայուն է՝ հնարավոր պատերազմի վտանգով պայմանավորված, իսկ Թեհրանը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ, չնայած անկայուն իրավիճակին՝ Իրանից ներդրումները չեն պակասում, վկայում է այն մասին, որ Թեհրանում վստահ են՝ ներկա կայունությունը չի խաթարվի։

Մեզ համար տարածաջրջանի բոլոր երկրների և հարևան երկրների  անվտանգությունը կարևոր է՝ ինչպես մեր անվտանգությունը Իրանում։ Մեր գերագույն գլխավոր առաջնորդը շատ հստակ նշել է, որ մենք խիստ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական սահմանի փոփոխությանը։ Մենք Իրանի իսլամական հանրապետությունում դեմ ենք ցանկացած լարվածություն ստեղծող քայլին, որը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը։ Հայաստանի և Հայաստանի հետ սահմանների անվտանգությունն էլ կարևոր է մեզ համար։ Այդ մասին շատ հստակ նշել են նաև Իրանի զինված ուժերը և անհրաժշտության դեպքում դիվանագիտական առումով նույնպես կանենք ցանկացած քայլ՝ տարածաշրջանի և հայաստանի, ու մեր սահմանների անվտանգության համար։ Մենք գտնում ենք որ այս տարածաշրջանի տնտեսությունը շատ արագ զարգանում է, երկրների միջև համագործակցությունների արդյունքում ավելի լավ տնտեսական զարգացում է սպասում տարածաշրջանի երկրներին, և ցանկացած լարվածություն կխանգարի այդ զարգացմանը։  

  • Կիսվել: