ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանն իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա. ԱԽ քարտուղար

Հայաստանն իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա. ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում մատնանշվել և քննարկվել են Աֆղանստանի տարածքից եկող վտանգները, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը միգրացիայի և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև բիոտեխնոլոգիայի զարգացման արդյունքում առաջ եկած անվտանգության հիմնահարցերը:

ԱՊՀ մասնակից պետություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում ընդլայնելու համագործակցության շրջանակը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում վերոնշյալ հարցերից զատ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Ա. Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում է քայլ՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականությանը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա:

Հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին Ա. Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխվարչապետների մակարդակով կազմավորված ձևաչափին և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնություններն անխափան իրականացնելու համար:

  • Կիսվել: