շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Միջազգային դատարանների հետ աշխատանքը սկվել էր դեռ Լաչինի միջանցքը արգելափակելու առաջին օրվանից՝  նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդերի և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա։

Բնականաբար, ՄԻԵԴ-ի նման շրջանակ ֆիքսելը պայմանավորված է իր առանձնահատկություններով, քանի որ այդ ատյանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կայացնելու որոշման դեպքում կենտրոնանում է երկու իրավունքների վրա՝ կյանքի իրավունքի և անմարդկային դաժան վերաբերմունքի դեմ։ Այդ տրամաբանությամբ էլ որոշումը ձևակերպել էր։ Ցավոք, որոշումը կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,- ասաց Կիրակոսյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումիվ հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։

«Արդարադատության միջազգային դատարանը բավականին արագ հրատապ նիստ հրավիրեց արդեն հունվարի վերջին և փետրվարի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը, որն ավելի լայն ձևակերպում տվեց և պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով կրկին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Այդ որոշումից հետո, ցավոք, չունեցանք որևէ դրական տեղաշարժ, հակառակը՝ ավելի բացասական հետևանքներ եղան։ 2023 թվականի ապրիլ ամսին տեղադրվեցին անցակետերը, և դրանց տեղադրումից հետո ավելի սրվեց իրավիճակը, հետո տեղադրվեցին բետոնե պատնեշները, որով գրեթե ամբողջությամբ սահմանափակեց շարժը Լաչինի միջանցքով։ Այս զարգացումներին հետևելով՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացրեցինք երկրորդ դիմումը, որով խնդրեցինք, որպեսզի  փետրվարի 22-ի որոշումը ավելի հստակեցվի և նշվի, որ ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, այդ թվում՝ անցակետերը։ Դատարան ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ այդ ժամանակարշջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Այս շաբաթվա ընթացքում  նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք։ Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը»,- նշեց Կիրակոսյանը։

  • Կիսվել: