ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Միրզոյան

Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Միրզոյան

Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը. Առանձնահատուկ կերպով կարևորել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ: Նա նաեւ նշել է. «Իմ գործընկերոջն եմ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:

Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար:

Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։

Այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի  մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին։

Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։ 

Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ»: 

  • Կիսվել: