Հայաստանն Ադրբեջանի հետ խոսում է և՛ ուղիղ, և՛ միջնորդների միջոցով․ պատգամավոր
Մենք միշտ հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ՀՀ իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ ուղիները: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» 2028-ին պետք է արդեն ավարտված լինի, եւ որ ՀՀ վարչապետից այդ առումով դրական ազդակներ կան:
«Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բեռները կարող են անարգել Եվրոպայից գնալ Ասիա՝ Հայաստանի տարածքով եւ հակառակը: Մեր այս դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Նոր բանն այստեղ այն է, որ մենք ասում ենք՝ այն պայմաններով, որ Իրանը տալիս է ճանապարհ Ադրբեջանին, մենք այդ պայմաններով կարող ենք տրամադրել ճանապարհ Ադրբեջանին: Իսկ Իրանը ճանապարհ է տալիս իմ նշած պայմաններով, այսինքն դա Իրանի իրավազորության տարածքն է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին՝ բանակցել երկկողմ ձեւաչափով՝ առանց միջնորդների, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խոսում է և՛ ուղիղ, և՛ միջնորդների միջոցով. «Ես կարծում եմ, որ մեզ համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որտեղ մեր դիրքորոշումները հարգվում ու ընդունվում են»,- ասաց նա։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, վերջինս պարզաբանեց․ «Ես չունեմ նման տեղեկատվություն, որ առաջիկայում կլինի հանդիպումը, բայց ենթադրում եմ, որ մինչև Ադրբեջանում ընտրությունների ավարտը դժվար նման հանդիպում տեղի ունենա»։



