երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ չի բանակցում․ Մարուքյան

Հայաստանն ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ չի բանակցում․ Մարուքյան

Նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ չի քննարկվել։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տրամադրել վերադառնալ ցանկացողներին։

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այս իմաստով չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ունեցել է երկկողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որից հետո նա, իմ կարծիքով, փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադառնար Նոյեմբերի 9-ի հայտարարության, որը ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահը, 7-րդ կետին։ Օրինակ՝ ներքին տեղահանվածները վերադարձել ե՞ն, թե՞ չեն վերադարձել։ Այս հարցով պարտավորությունը իրականացվե՞լ է, թե չի իրականացվել»,- ասաց Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ Հայաստանը չի բանակցում, նման թեմա բանակցությունների սեղանին չկա, դա ընդամենը Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչություն է։

Նրա խոսքով՝ եթե հասնեն նրան, որ Ադրբեջանը կկատարի Նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունը ներքին տեղահանվածների վերադարձի վերաբերյալ, այդ ժամանակ կարող է խոսակցություն բացվել ադրբեջանցիների վերադարձի մասին, եթե Ադրբեջանը ցանկանա։ Մարուքյանը շեշտեց նաև, որ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ Հայաստանը պարտավորություն չի ստանձնել, իսկ Ադրբեջանն ունի պարտավորություն Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելու հարցով։ «Երբ նրանք կկատարեն իրենց պարտավորությունը, կուզենան խոսել դրա մասին, ուրեմն այդ խոսակցությունը կբացվի։ Իսկ ինչի՞ մասին է այդ խոսակցությունը։ Իրենք ասում են, որ Հայաստանից ադրբեջանցիներ են գնացել։ Բայց Ադրբեջանից էլ հայեր են գնացել։ Հայերը գնացել են մազապուրծ՝ սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքների տակ և դարձել փախստականներ, իսկ ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, դրանց դիմաց փոխհատուցում ստանալով»,- նշեց նա։

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի գործողություններին, որոնցով փորձ է արվում ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների իրավունքները հավասարեցնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հետ։ Մարուքյանը շեշտեց, որ Ադրբեջանի այդ փորձը շատ թույլ է և անիմաստ, դրանով Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի բացառիկությունը նվազեցնել, իսկ այդ բացառիկությունը ֆիքսված է Նոեմբերի 9-ի փաստաթղթով։

  • Կիսվել: